Բաքվում դաշնակցականների մասնակցությամբ քննարկումները մամուլում իրարամերժ տեսակետների առիթ դարձան։ «Դաշնակցությունը «Սոցինտերնի» անդամ է և մասնակցում է բոլոր ժողովներին։ Եթե քաղաքական կամ այլ բնույթի միջազգային համաժողովներ են լինում, մենք չենք ասում` չէ, հակառակը, Հայաստանը միշտ պատրաստակամություն է հայտնում դրանց մասնակից դառնալու, եթե Ադրբեջանն ապահովի անվտանգությունը։ Նույնիսկ մարզական միջոցառումների ժամանակ էլ համաձայնում ենք մասնակցելու։ Հիմա եթե դաշնակցության ներկայացուցիչները գնացել են ու Ղարաբաղի հակամարտության առնչությամբ պաշտպանել մեր տեսակետները, սա խրախուսելի՞ է, թե՞ քննադատելի։ Եթե ինքնանպատակ քննադատություն է, կարելի է հասկանալ, բայց դրանում տրամաբանություն չպետք է փնտրել»,- մեր զրույցի սկզբում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՐՏՅՈՒՇ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ։
-Ազատագրված տարածքներում դաշտային առաքելությունը խիստ վերապահումներով ընդունվեց հայկական կողմից։ Ի՞նչ եք կարծում, չպե՞տք է պահպանվեր պարիտետը, և առաքելություն իրականացվեր նաև հակառակ կողմից։ Հաշվի առնելով այս հանգամանքը` ինչպիսի՞ զեկույց կլինի։
-Կարծում եմ` հայկական կողմը հստակ հարց պետք է դներ, որպեսզի նույն ձևաչափով դաշտային առաքելություն իրականացվեր ԼՂՀ-ի մաս կազմող, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Ինչ վերաբերում է զեկույցի բովանդակությանը, չեմ ցանկանում կանխատեսումներ անել։ Երբ հրապարակվի այն, կարծիք կհայտնենք։
-Այս առաքելությունից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները հայտարարություն տարածեցին, որտեղ ազատագրված տարածքները որակվեցին օկուպացված։ Միտումնավո՞ր են այս էլ երկրորդ անգամ նման արտահայտություն անում Մինսկի համանախագահները։
-Հարկավոր է նման փաստերի վրա լուրջ ուշադրություն դարձնել, ականջի հետև չգցել։ Նրանց պետք է կոշտ հակադարձել, որ համաձայն չենք այդ գնահատականին։ Անհրաժեշտ է արտգործնախարարության և նույնիսկ ավելի բարձր մակարդակով պատասխան տալ դրան։
-Ներքաղաքական անցուդարձից. իշխանական ուժերը նախընտրական յուրահատուկ մրցավազքի մեջ են, ինչի՞ համար է այս շտապողականությունը։
-Իրոք, այս անգամ մեկնարկը սովորականից ավելի շուտ տրվեց, շատ հայտարարություններ, գնահատականներ, ելույթներ կարելի է բացատրել նախընտրական ժամանակահատվածին բնորոշ հոգեբանությամբ։ Շտապողականության պատճառն այն է, որ ուզում են հասարակության կարծիքը որոշակի ուղղվածությամբ տանել։
-Իշխող երկու կուսակցություններ հայտարարել են, թե 50+1 ձայներն իրենցն են լինելու։ Նրանց ցանկությունն իրատեսակա՞ն է, թե՞ լիովին այլ խորհրդարան ենք ունենալու։
-Քաղաքական ուժերի կամքն է` խոսելու իրենց հնարավորությունների մասին։ Սովորաբար ինքնագնահատականի հարցում միշտ էլ չափազանցություն լինում է, բայց դա քարոզչական շրջանակում է, ու կարելի է հասկանալ։ Որևէ մեկը դժվար թե կարողանա 50+1 ձայների հարաբերակցություն ապահովել։
-Ինչո՞ւ, նրանցից ոչ մեկը չի՞ արդարացրել հասարակության սպասելիքները։
-Նախ, որ չկա մի կուսակցություն, որը վայելում է պոտենցիալ ընտրողների կեսից ավելիի վստահությունը, հետո էլ ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ մրցակցությունը մեծ է լինելու, և «50+1»-ը չի կարող մեկ ուժ հաղթահարել։
-Տեսակետ կա, թե իշխող մեծամասնությունը որ ընդդիմությանը նախընտրի խորհրդարանում տեսնել, նա էլ կլինի ապագա խորհրդարանի ընդդիմադիր ուժը։ ՀՅԴ-ն նախընտրելիների ցուցակո՞ւմ է, ըստ Ձեզ։
-Չեմ հավատում, որ իշխող ուժն այնքան հնարավորություն ունի, որ որոշի ում անցկացնել ու իր ցանկությամբ ձևավորել ապագա խորհրդարանը։ Ինքը թող իր մասին հոգ տանի, մտածի, մնացածն էլ` իրենց։ Չեմ կարող ասել` ՀՀԿ-ն ում ինչքան է սիրում, բայց առնվազն կույր չպետք է լինել ու հիշել, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս է եկել` հակադրվելով իշխանությանը։ Այն խնդիրները, որոնց շուրջ հակադրությունը կար, չեն վերացել, հակառակը` խորացել են։ Չեմ կարծում, որ իշխանությունը մեծ ցանկություն կունենա դաշնակցությանը տեսնելու խորհրդարանում։ Սակայն շատ ուժեր, փորձագետներ, վերլուծաբաններ օբյեկտիվ են համարում, որ առաջիկա խորհրդարանում դաշնակցությունը լինի։
-Որոշ վերլուծաբաններ էլ կարծիք են հայտնել, որ եթե վերջերս մարզային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ-ն չկարողացավ մարդկանց հավաքել, ուրեմն ինչի՞ վրա է հույսը, որ 5 տոկոսի շեմը կհաղթահարի։
-Դա խակ տրամաբանություն է։ Հենց այն, որ մարզային խնդիրների շուրջ դաշնակցությունը հանրահավաք է անցկացրել, փաստում է այն մասին, որ ՀՅԴ-ն նպատակ չի ունեցել իր ուժը ցուցադրելու։ Հայտարարվել է հանրահավաքի նպատակների մասին, ով հարմար է գտել, մասնակցել է։ Հետո էլ` ինչպես են շատն ու քիչը որոշել։ Այսօր Երևանում հանրահավաքներ են լինում, և դրանց ամենաշատը մասնակցում է 5-6 հազար մարդ։ Սա նշանակում է, որ այդ ուժն արդեն իր տեղն ապահովե՞լ է հաջորդ խորհրդարանում։ Չէ՞ որ այսօր նախընտրական այն եռքը չկա, և ժողովուրդը հիմնականում կողքից է դիտում գործընթացները։ Նման չափանիշներով դատել, թե երկու տարի հետո ինչ կլինի, կարծում եմ, ճիշտ չէ։
-Այդուհանդերձ, ապագա խորհրդարանում ընդդիմությունն ինչպիսի՞ պատկեր կունենա, հավանական համարո՞ւմ եք կոնգրեսի մուտքն ԱԺ։
-Շնորհակալ գործ չեմ համարում այսօրվանից կանխատեսումներ անելը։ Բայց անհրաժեշտ եմ համարում, որ ապագա խորհրդարանում ընդդիմությունը ծանրակշիռ դերակատարություն ունենա, այլապես երկրի համար շատ վտանգավոր կլինի, որ խորհրդարանում իշխող ուժին այլընտրանքային, այլ ծանրակշիռ մրցակից ուժ չլինի։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ